Ամիսներ առաջ աջակցության խնդրանքով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեին դիմած լիբանանյան ընկերության մտադրությունը` հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբ Հայաստան բերելու, իրականություն է դարձել:
38 հոգուց բաղկացած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբն արդեն Հայաստանում է և 7 օրյա շրջագայության ընթացքում կճանապարհորդի և կբացահայտի Հայաստանը:
Զբոսաշրջիկների այցը Հայաստան հնարավոր դարձավ կազմակերպել Զբոսաշրջության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, «Քրոս» առողջության կենտրոնի և Double Tree by Hilton Yerevan հյուրանոցի ակտիվ համագործակցության արդյունքում:
«Տպավորված ենք հայկական հոգատարությունից, հենց այդ հոգատարությունից էլ սկսվեց մեր ճանապարհորդությունը դեպի Հայաստան, այստեղ անվտանգ է, և դա մեզ շատ է դուր գալիս: Հայաստանում առաջին անգամ ենք, և դժվարանում ենք արտահայտել մեր ողջ զգացմունքները. լսել էինք հայկական կոնյակի և գինու մասին, լսել էինք վարդագույն տուֆի մասին և սեփական աչքով բացահայատեցինք նրա ողջ գեղեցկությունը, Մայր Հայաստանի արձանը տեսնելիս հուզվեցինք. այնքան ուժ կար արձանի մեջ. կնոջ կերպար, որը պաշտպանում է ողջ հայությանը», - մասնավորապես ասել են զբոսաշրջիկները:
Զբոսաշրջիկները կլինեն նաև Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Խոր Վիրապում: