17 հուլիսի 2017 - 11:08 AMT
ՀՀ նախագահ. Զիջումների միջոցով իրավիճակի թեթևացման գնալը կործանարար կլինի

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ:

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն, ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելել է նախագահը:

Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք է առանձնացրել:

«Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունքն է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունքն է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունքն է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։ Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանարպետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»,-ասել է Սարգսյանը:

Նախագահը շեշտել է, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

Սարգսյանը խոսել է նաև ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար», - հայտարարել է Սարգսյանը:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյանն էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին