Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա երկրի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են անկախության մասին հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին:
«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դա կառնչվի ոչ միայն քուրդ բնակչությանը: Ես կարծում եմ, որ դա չափազանց աղետալի կլինի Իրաքի անվտանգության համար, ինչպես նաև աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,-ասել է նախարարը:
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում:
Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա:
Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո: