18 հուլիսի 2017 - 12:07 AMT
2017-ի առաջին կիսամյակում Արցախ այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 46%-ով

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:

ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2017-ի հունվար–հունիս ամիսներին Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի 46 % աճ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2015-ի համեմատ աճը կազմել է 26%, հայտնում է Արցախի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը։

Այցելությունների քանակն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. օրինակ՝ Տիգրանակերտի պետական արգելոց է այցելել ավելի քան 5000 զբոսաշրջիկ, ինչը 62 տոկոսով ավելին է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս՝ 2015թ. համեմատ):

Վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում 2017-ի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ:

2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: 2016-ին զբոսաշրջիկների թվի նվազում էր դիտարկվել՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ: