19 հուլիսի 2017 - 11:39 AMT
Ուսումից դեպի աշխատանք. «Ռոստելեկոմն» ամփոփել է ուսանողների համար մրցույթի արդյունքները

«Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որն արդեն երրորդ տարին անցկացվում է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից, հուլիսի 18-ին ամփոփել է արդյունքները: Նախագիծը միավորել էր հայաստանյան ամենատարբեր բուհերի և մասնագիտությունների 20 ուսանողների մեկ նպատակի շուրջ՝ հաղթել և ընդգրկվել ընկերության անձնակազմում:

Ուսանողները, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանն անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացել էին «Ռոստելեկոմի» ստորաբաժանումների գործունեությանն ու աշխատանքի նրբություններին, անցել ինտերակտիվ ուսուցում ամենատարբեր թեմաներով՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական հարցերից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ, կազմել համատեղ նախագծեր, մասնակցել մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերել նոր ընկերներ:

Նախագծերում և մրցույթներում հավաքած անհատական ու խմբային միավորների արդյունքներով էլ որոշվեց 2017-ի նախագծի հաղթողը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Գրիգորյանը:

Լիլիթը հնարավորություն է ստացել եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու «Ռոստելեկոմի» իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում, կարող է համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Ամփոփիչ հանդիպմանը բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ որպես մրցույթի ամփոփում ուսանողները նաև իրենց կարծիքն ու առաջարկություններն են ներկայացնում հստակ խնդիրների ու բիզնես-ուղղությունների վերաբերյալ: Նա հավաստիացրել է, որ մրցույթը շարունակական է լինելու և անցկացվելու է նաև հաջորդ տարիներին:

«Մեզ համար շատ կարևոր է մշտապես երկխոսության մեջ լինել ուսանողների հետ, ներկայացնել նրանց մեր նորարարությունները, ծառայությունները, ձեռքբերումները, կորպորատիվ կառավարման մեթոդները, ինչը չափազանց օգտակար է նրանց հետագա կարիերայի համար: Գործնական գիտելիքներն ու տեղեկատվությունը, որը ստանում են երիտասարդները մեզ մոտ բարձրակարգ մասնագետների շնորհիվ, էապես փոխում է նրանց պատկերացումներն ու մոտիվացնում հետագա կրթության համար: Ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց համար հետաքրքիր դասընթացներ անցկացնել: Նախագծի ընթացքում ուսանողների ներկայացրած առաջարկություններն ամփոփվելու են ընկերության ղեկավարության կողմից: Նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ առաջարկներ, ուղղված մեր կոմերցիոն գործունեության առավել ակտիվացմանը, կարող ենք կիրառել նաև գործնականում»,- ասել է ընկերության ղեկավարը՝ հավելելով, որ նախորդ տարիների մասնակիցներից որոշ ուսանողներ աշխատանքի են անցել «Ռոստելեկոմում»՝ հաջողությամբ համատեղելով աշխատանքն ու ուսումը:

Նախագծի հաղթող Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի մասին իմացել է համալսարանում փակցված հայտարարությունից: Ստանալով մասնակցության հնարավորություն՝ շատ է զարմացել, որովհետև չէր սպասում, որ կանցնի:

«Ծրագրի ընթացքում ինձ համար մեծագույն ձեռքբերումներից մեկը թիմն էր, ընկերները, որոնցից ոչ ոքի չեմ կարող առանձնացնել, որովհետև բոլորն ինձ համար շատ թանկ ու հարազատ են դարձել: Գիտելիքներ ստացա տարբեր ոլորտներից, որոնց մասին միշտ ցանկացել էի իմանալ, բայց հնարավորություն չէր եղել: Չէի կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվեմ այստեղ՝ շփվելով ոլորտի պրոֆեսիոնալների հետ, որոնք կկիսվեն մեզ հետ իրենց տարիների փորձով: Արդեն կողմնորոշվել եմ, թե որ ստորաբաժանման կազմում կանցնեմ պրակտիկան. դա տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն է: Շատ մեծ սպասումներ ունեմ»,- նշել է հաղթողը:

Նա պատմել է, որ նախագծի ընթացքում իրականացրել են թե թիմային, և թե անհատական աշխատանքներ: «Շատ եմ սիրում ստանդարտներից դուրս մտածել, նույնիսկ վախենում էի, որ ճիշտ չեն հասկանա, անլուրջ կընդունեն: Այդ իսկ պատճառով, շատ զարմացա, երբ իմացա, որ հաղթել եմ»,- հավելել է Լիլիթը:

Այս տարի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագծին մասնակցել է 8 բուհից 22 ուսանող: Ծրագիրն ուսանողներին հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանում «Ռոստելեկոմի» գործունեությանը, անցնելու ինտերակտիվ ուսուցում 12 թեմայի շուրջ:

Ուսուցման գործընթացն անցկացվում էր ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից: Կրթական պրոցեսում ուսանողներն ընդհանուր համապարփակ գիտելիքներ ստացան՝ ընտրած ոլորտների մասին: Ուսումնական գործընթացը ներառում էր նաև մրցույթներ, որտեղ թիմերի բաժանված ուսանողները ներկայացրեցին իրենց սեփական ընկերությունը, մատուցվող ծառայությունները, կառուցվածքը, արժեքային համակարգը և այլն:

Նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում «Ռոստելեկոմ» աշխպատանքի է ընդունվել 6 երիտասարդ, յուրաքանչյուր տարի՝ 3-ական ուսանող: