ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-իհատուկ նիստի ժամանակ:
Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել է, որ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:
«Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է:
Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինի»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Բակո Սահակյանին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է պետականության ամրապնդման գործընթացը և տնտեսական ու քաղաքական զարգացումը: Վստահ եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետության տնտեսական սերտ փոխգործակցությունը շարունակվելու է հետևողականորեն խորանալ և ամրապնդվել:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, որպեսզի մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի հասցնեք՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության»:
Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է արդեն տասը տարի: