Ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ է զոհվել իրաքյան Մոսուլն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու ընթացքում: Այդ մասին հայտնել է Independent թերթը քրդական հետախուզության տվյալների վրա հղումով:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները զոհ են գնացել գրոհայիններին, իրաքյան բանակին, ինչպես նաև ավիառմբակոծություններին: Ինչպես ասել է քուրդ քաղաքական գործիչ և Իրաքի ԱԳՆ նախկին ղեկավար Հոշիյար Զեբարին, զոհվածներից շատերի դիերը դեռ հուղարկավորված չեն և մնում են փլատակների տակ:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ը, ազատագրումից հետո Մոսուլից դուրս մնացող բնակիչներին աջակցելու համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դոլար, իսկ քաղաքի հիմնական ենթակառուցվածքների վերականգնման համար հարկ կլինի մոտ 1 մլրդ դոլար ծախսել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի:
Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: