20 հուլիսի 2017 - 15:03 AMT
Լապշինի փաստաբանը չի բացառում նրա արտահանձնումը ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա

ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին Բաքվում դատապարտեցին 3 տարվա ազատազրկման, կարող է արտահանձնվել ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Լապշինին 3 տարվա ազատազրկման:

«Լապշինը կարող է պատիժը կրել մեկ այլ երկրում: Մասնավորապես, դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը կամ Ուկրաինան, քանի որ նա այդ երկրների քաղաքացիություն ունի: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,-ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ գնահատում է դատավճիռը որպես «առավել քան լավ»: Չերնինը նաև հայտարարել է, որ մյուս բոլոր գործողությունները ձեռնարկվելու են Լապշինի հետ համաձայնեցվելուց հետո:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: