20 հուլիսի 2017 - 17:53 AMT
Լևոն Մնացականյան. Վառոդը միշտ պետք է չոր պահել

Անկանխատեսելի հակառակորդ ունենալով՝ ոչ մի պարագայում չի կարելի թուլացնել զգոնությունն ու վառոդը միշտ պետք է չոր պահել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստում` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Ռազմական խորհրդի նիստը մեկնարկել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ներածական խոսքով:

ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների և զորամասերի հրամանատարներն իրենց ելույթներում ու զեկույցներում անդրադարձել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցել են ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները: Համաբանակային կարևոր միջոցառմանը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ներկա էր նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ,

Ռազմական խորհրդի նիստն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով, ով, անդրադառնալով հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին, համապատասխան հանձնարականներ ու ցուցումներ է տվել երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Ինչպես հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հուլիսի 7-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի արկակոծման հետևանքով երեք զինծառայող էր վիրավորվել: