21 հուլիսի 2017 - 17:19 AMT
Allianz Group-ը շահագրգռված է ՀՀ միջոցով երրորդ երկրների շուկաներ դուրս գալու հարցում

Allianz Group («Ալիանս Գրուպ») գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հետ ապահովագրության ոլորտում: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսան:

Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Allianz Group-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում:

Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում: