26 հուլիսի 2017 - 10:51 AMT
Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին ասվում է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

«Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն է, որը շարունակում է հայկական կինոավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային կինոհիմնախնդիրները։