26 հուլիսի 2017 - 13:12 AMT
Երևանում քննարկվել են հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները

Երևանում քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը կարևորել է գործընկերոջ այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում:

Ցախի Հանեգբին ընդգծել է բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան:

Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան` նախարար Վահան Մարտիրոսjանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը:

Վահան Մարտիրոսյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշել է, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրել է ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները:

Ցախի Հանեգբին նույնպես կարևորել է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնեց, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրել է նաև Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները` նշելով, որ նրանք արդեն իսկ օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձել են երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:

Հուլիսի 25-ին մեկնարկել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան: Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա նաև գյուղատնտեսության նախարարի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ընթերցեք նաև.Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ