17 հունվարի 2008 - 17:14 AMT
Քոչարյանի եւ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակագրական սահմանափակում չկա ԵԱՀԿ ՄԽ առաջարկություններին հավանություն տալու համար
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա այցելությունը նախաձեռնվել է, որպեսզի լսեն երկու երկրների նախագահների պատասխանները ԵԱՀԿ ՄԽ մադրիդյան առաջարկություններին, որոնք փոխանցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջոցով»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առջեւ որեւէ ժամանակային սահմանափակում չի դրվել: «ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես գիտեք, եղել է նաեւ Ստեփանակերտում եւ լսել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարծիքը: Մենք դա շատ կարեւոր ենք համարում, քանի որ, վերջիվերջո, որոշվում է այդ ժողովրդի ճակատագիրը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն նշել է, որ ներկայացված փաստաթուղթը բոլորից լավագույնն է: «Դրանում հաշվի են առնվում բոլոր կողմերի ցանկությունները եւ հակամարտության կողմերից ոչ մեկին առավելություն չի տրվել: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնվեն հիմնային սկզբունքների հետ, ապա այդ ժամանակ մենք կարող ենք աշխատանք սկսել համաձայնագրի հիմնական տեքստի ուղղությամբ, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասել է Ֆասիեն: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս անգամ ոչ մի միջանկյալ համաձայնագիր չի լինի: «Մենք ներկայացրել ենք կարգավորման հիմնային սկզբունքները, որոնց հետ կհամաձայնվեն կամ չեն համաձայնվի բոլոր նախագահները: Հիմնական աշխատանքը սկսկվելու է դրանց հաստատումից հետո»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: