27 հուլիսի 2017 - 10:37 AMT
Եվրոպական օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն է

Հայ լողորդ Արթուր Բարսեղյանը Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի 50 մ ազատ ոճում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Բարսեղյանը գրանցել է 23։71 արդյունք։

50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել էր 23.72 արդյունքը։

ՀԱՕԿ հաղորդմամբ, հայ ձյուդոիստներից Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) հասել է մինչև սփոփիչ գոտեմարտի երկրորդ շրջան, որտեղ զիջել է չեխ Յան Սվոբոդային։ Ղալաչյանը սկսել է 1/32 եզրափակչից։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տուրպալ Ջոուկաեւին (Ֆինլանդիա), ապա Իան Սթորմերին (Գերնանիա)։ 1/8 եզրափակչում հայ ձյուդոիստը զիջել է Վադիմ Չեռնովին (Ուկրաինա)։ Իսկ սփոփիչ գոտեմարտի առաջին շրջանում Արտյոմը հաղթել է Սանդրո Ռազմաձեին (Լատվիա)։

66 կգ քաշային կարգում ձյուդոյիստ Ռոբերտ Թորոսյանը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռեմի Օլիվիեյրային (Ֆրանսիա)։ Սակայն Թորոսյանը 1/8-ում զիջել է Արտյոմ Գալակտիոնովսին (Լատվիա) և դուրս մնացել հետագա պայքարից։

Ձյուդոյի աղջիկների պայքարում Նունե Նազարյանին (48 կգ) առաջին գոտեմարտում չի հաջողվել հաղթել Ռեխեպիլ Արբրեշային (Մակեդոնիա)։ Նազարյանը նույնպես դուրս է մնացել հետագա պայքարից։

Մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանին էլ չի հաջողվել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։