21 հունվարի 2008 - 12:42 AMT
Հունվարի 21-ին բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Հունվարի 21-ին Սթրասբուրգում բացվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կքննարկվի Կոսովոյի կարգավիճակը, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի սեւ ցուցակները եւ Եվրոպայում նորածինների անօրինական որդեգրումները:

Քննարկումների կենտրոնում կլինի Դիկ Մարտիի զեկույցը, որը կասկածի է ենթարկում ՄԱԿ-ի եւ ԵՄ սեւ ցուցակները, ինչպես նաեւ լորդ Ռասսել Ջոնսթոնի զեկույցը Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ: Մեկ այլ առանցքային թեմա կլինի նորածինների առեւանգումները` Եվրոպայում ապօրինի որդեգրումների նպատակով:

ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:

Պատվավոր հյուրերի թվում են Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտերֆլիկը, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին եւ Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին: Նստաշրջանում ելույթով հանդես կգան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը, ինչպես նաեւ Միջազգային կանաչ խաչի նախագահ Միխաիլ Գոռբաչովը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նստաշրջանի բացմանը հունվարի 21-ին Վեհաժողովը կանցկացնի նոր նախագահի ընտրություններ, որը կփոխարինի Ռենե վան դեր Լինդենին: Եվրոպայի Խորհրդի պետական քարտուղար Թերի Դեւիսը զեկույց կներկայացնի Կազմակերպությունում գործերի վիճակի մասին, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: