21 հունվարի 2008 - 12:47 AMT
Լոնդոնում անցել է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողություն
Վեսթմինսթերի աբբայության պատի մոտ կա մի տեղ, ուր դրվում են ծաղիկներ եւ ծաղկեպսակներ` նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Հենց այստեղ էլ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ` հայեր, քրդեր, թուրքեր, որոնք նշել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցը:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Լոնդոնից, միջոցառումը բացել է Վեսթմինսթերի աբբայության սպասավորներից մեկը, որն աղոթել է բոլոր անմեղ նահատակների համար: Հետո հանդես է եկել հայտնի գրող Նուրիցա Մաթոսյանը, որը նաեւ Դինքի լավ բարեկամն էր: Դրան հաջորդել են Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի քրդական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, իսկ հետո ելույթ ունեցավ մի թուրքական կազմակերպություն ներկայացնող մի կին: Վերջում ընթերցվել է հայտնի հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագիպ Զարաքոլուի նամակը, որը հունվարի վերջում պետք է կանգնի թուրքական դատարանի առջեւ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Ավարտին աղավնի են բաց թողել, որը դարձել է Դինքի խորհրդանիշը: Նմանատիպ միջոցառում է անցել նաեւ Լոնդոնի մյուս մասում (Wood Green), որտեղ բազում քրդեր եւ թուրքեր են բնակվում: