21 հունվարի 2008 - 13:00 AMT
Ռուսաստանն երկու ռազմակայան կկառուցի Սերբիայում
Մոսկվան մշակել է Սերբիայի եւ Բոսնիայի տարածքում` Դրին գետի ափին, Խորվաթիայի հետ սահմանի հարեւանությամբ ռուսական ռազմակայաններ կառուցելու ծրագիր, հաղորդում է խորվաթական «Slobodna Dalmacja» պարբերականը:

Ըստ ռուս ռազմական փորձագետների, միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային հրթիռներն Եվրոպայի այդ մասում կկարողանան արագ եւ արդյունավետ դիմակայել ամերիկյան ՀՕՊ-ի վահանին, որը պետք է տեղակայվի Ռուսաստանի եվրոպական մասի հարեւանությամբ:

Ռուսաստանի միջուկային հրթիռները Սերբիայում եւ Սերբական Հանրապետությունում, որը սերբերի էթնիկ կազմավորում է Բոսնիայի կազմում, ուղղակի սպառնալիք չեն հանդիսանում Խորվաթիայի համար, քանի որ ուղղված են ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեմ, սակայն խորվաթական պարբերականն այնուամենայնիվ նշում է, որ Զագրեբը կհայտնվի բավականին դժվարին կացության մեջ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումով, գրում է Vlasti.net-ը: