21 հունվարի 2008 - 15:41 AMT
Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բանաձեւ կներկայացնի Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ-ում հանդես գալ նախաձեռնությամբ` բանաձեւ առաջարկելով «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի» վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է հայկական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով, նախատեսվում են նաեւ հայկական պատվիրակության անդամների ելույթները մի շարք զեկույցների վերաբերյալ, որոնք ընդգրկվել են նստաշրջանի առաջին մասում, մասնավորապես` «Կոսովոյի հետագա կարգավիճակի շուրջ ընթացող գործընթացներ», «Անդրսահմանային համագործակցություն», «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ» եւ «ԵՄ-ի սեւ ցուցակներ», «Վրաստանի պարտավորությունները» զեկույցների վերաբերյալ:

«Պատվիրակությունը մտադիր է նաեւ հարցապնդումներ հղել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահին եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին»,-նշել է Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: