Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է իրեն: Սահակաշվիլին այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին այժմ ԱՄՆ-ում է
Սահակաշվիլին հայտարարել է, որ գտնվում է Նյու Յորքում և վերջին անգամ տեսել է Պորոշենկոյին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում՝ 2017-ի մայիսին Մալթայում:
«Խոսակցությունը 2 ժամ է տևել: Դրանք սպառնալիքներ էին, կոչեր՝ դադարեցնել նախագահի քննադատությունը, կասեցնել քաղաքական գործունեությունն ու ակտիվությունը»,-նշել է Սահակաշվիլին:
Ըստ նրա, իրեն խոստացել էին, որ նա սեփական խմբակցությունը կունենա խորհրդարանում և «իր տեղը Ուկրաինայի քաղաքական կյանքում», եթե դադարեցնի քաղաքական ակտիվությունը:
Նա նշել է նաև, որ հրաժարվել է կատարել բոլոր պահանջներն ու «բոլոր սպառնալիքներին ժպիտով է պատասխանել»: Սահակաշվիլին հավելել է, որ դրանից հետո Պորոշենկոն հաղորդագրություն է ուղարկել իր օգնականի միջոցով՝ նշելով, որ դժգոհ է նրա շեշտադրումներից ու տրամադրվածությունից:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձաժողովի հորդորով: 2015-ին Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել: