21 հունվարի 2008 - 16:53 AMT
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել Եվրամիության օգնությա՞մբ
Հայաստանի արտգործնախարարությունը պետք է ակտիվացնի Թուրքիայի հանդեպ իր քայլերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Սակայն, պետք չէ մոռանալ գլխավոր խնդիրների մասին, որոնց թվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-ասել է նա:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ չի կարելի մոռանալ այն մասին, որ Թուրքիան իրական սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար: Այդ կապակցությամբ Սաֆրաստյանն ընդգծել է, որ հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը պետք է դառնա այդ սպառնալիքի չեզոքացումը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել երրորդ կողմի մասնակցությամբ, որը կարող է լինել Եվրամիությունը:

«Երրորդ կողմը պետք է ասպարեզ ստեղծի հայ եւ թուրք հասարակությունների հանդիպումների համար: Ես չեմ վախենում այդ երկխոսությունից, չէ որ ճշմարտությունը մեր կողմն է: Թուրքական հանրությունն է, որ մոլորության մեջ է գտնվում, նա խափված է իր կառավարության կողմից»,-ընդգծել է Սաֆրաստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից ի վեր պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ` ղարաբաղյան հակամարտության պատճառով: