«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ 2017-ի հունիս-հուլիսի ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։
Տեղեկացվում է, որ հավաքվող աղբի քանակի նման ավելացումն, իհարկե, որոշ չափով ազդեցություն է գործել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Նշվում է, որ Երևան քաղաքում ավելացել է զբոսաշրջիկների, քաղաքի հյուրերի ու առհասարակ այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են այցելել Երևան։ Այսպես, եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։
Համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։
Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։
«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։