22 հունվարի 2008 - 17:47 AMT
Բուլաղարական խորհրդարանը նորից հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ATAKA ծայրահեղ աջ կուսակցության կողմից քվեարկության ներկայացված օրինագիծը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի հավաքել Բուլղարիայի խորհրդարանում: Բուլղարիայում արդեն երրորդ անգամ քվեարկության դրված օրինագիծը ներկայացվել է 173 պատգամավորների քվեարկությանը: Չնայած, որ օրինագծի օգտին քվեարկել է 50 հոգի, 63 պատգամավոր դեմ է հանդես եկել, 60-ը նախընտրել են ձեռնպահ մնալ:

Ռամզի Օսմանը, ով պատգամավոր է Իրավունքների եւ ազատությունների շարժումից, որի մեծամասնությունը կազմում են թուրքական փոքրամասնության ներկայացուցիչները, նման առաջարկության ներկայացումը դիտարում է որպես պատմական ճշմարտության եւ օրենսդիր մարմնի անարգանք:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Ռադոսլավովը հայտարարել է, որ նախագիծն առաջարկողները առաջնորդվում են ատելությամբ. «Ատելությունը չի կարող օգտագործվել խորհրդարանում որպես փաստարկ: Դա օգուտ չի բերի ոչ մարդկությանը, ոչ աշխարհին», հաղորդում է ԱՊԱ-ն:

Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. 1,5 միլիոն հայ է սպանվել եւ եւս 500 հազարը անօթեւան է մնացել, հանդիսանում է պատմական փաստ, որը ապացուցման կարիք չունի: Ներկայիս դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 18 երկրների, Եվրախորհրդարանի, ԱՄՆ 40 նահանգների կողմից: