Gallup International Association անցկացված հարցումների համաձայն, հարցվածների 24.5%-ը դրական է գնահատել ՀՀ նախագահի, 26%-ը՝ կառավարության, 18.7%-ը՝ ԱԺ աշխատանքը։
Այս մասին է հայտարարել Gallup International Association լիիրավ անդամ «Էմ Փի ջի» տնօրեն Արամ Նավասարդյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 12.6 տոկոսը պատասխանել է «լիովին դրական», 7.6 տոկոսը գործադիրի ղեկավարի աշխատանքը գնահատել է «լիովին բացասական»։
«Մարտ ամսվա ցուցանիշների համեմատ՝ վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է։ Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական գնահատում էր 25.1 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։
Միաժամանակ, ըստ ընկերության հարցումների, առաջիկա 6 ամիսներին Կարեն Կարապտյանի կառավարությունից տնտեսական վիճակի բարելավում է սպասում հարցվածների 27.8%-ը, 46.2%-ը նշել է, որ գործադիրն այդ հարցում չի հաջողի։
Միաժամանակ վարչապետին որպես քաղաքական գործիչ շատ դրական է գնահատել հարցվածների 65 տոկոսը։
Մարտին ընկերության հարցումների համաձայն Կարապետյանին դրական էր վերաբերվում հարցվածների 81%-ը, 82․8%-ը ցանկանում էր տեսնել նրան վարչապետի պաշտոնում ԱԺ ընտրություններից հետո: