3 օգոստոսի 2017 - 13:25 AMT
Խմելու ջրի սակագինը կարող է բարձրանալ. «Վեոլիա ջուրը» կդիմի ՀԾԿՀ

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկայում մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը, սակայն, չի մանրամասնել, թե երբ են հայտ ներկայացնելու և ինչպես են հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար, հասնելով 180 դրամի՝ 1 խմ-ի դիմաց։ Տվյալ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով:

Նախորդ տարեվերջին ՀԾԿՀ-ն հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնել էր «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին հաստատելով։