5 օգոստոսի 2017 - 15:51 AMT
The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար էլ ավելի է ուժեղացնում իր դիրքերն ակումբում։

Ինչպես գրում է The National-ը, Զլատան Իբրահիմովիչի ու Ուեյն Ռունիի՝ ակումբը լքելուց հետո Մխիթարյանի դերը ՄՅՈւ-ում էլ ավելի է կարևորվում։ 28-ամյա Մխիթարյանն ամենաավագը չէ, սակայն փորձի պակաս չի զգում։

«Գուցե իր տեղը գտնելը Մխիթարյանի համար երկար տևեց, սակայն այժմ նա «Օլդ Թրաֆորդում» գլուխը բարձր է կանգնում։ Պրեմիեր լիգայի սկզբին նախորդող հանդիպումները նա անցկացրել է ավելի վստահ, քան նախորդ ԱՊԼ սկզբնական շրջանը։ Հայ ֆուտբոլիստը կարողանում է թե ինքնուրույն փայլել, թե տալ հնարավորություն Լուկակուի, Ռեշֆորդի ու Պոգբայի պես երիտասարդ տաղանդներին ցուցադրել լավագույն հնարավորությունները», - նշվում է հոդվածում։

Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին առաջադրել էր Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հայ կիսապաշտպանը 6 գնդակ էր խփել, որոնցից մեկը՝ եզրափակչում «Այաքսի» դեմ հաղթական խաղում։