7 օգոստոսի 2017 - 17:25 AMT
Հնգյակից չորրորդ երեխան մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է հուլիսի 26-ին։

Տեղեկությունը PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը։

Երեխան աղիների անանցելիության հետ կապված խնդիրներ ուներ։ Վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է։

Հնգյակից ողջ մնացած մյուս աղջիկը՝ Ռոզին հուլիսի 10-ին դուրս էր գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից:

Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Փոքրիկները, սակայն, խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան մահացավ մայիսի 14-ին։