24 հունվարի 2008 - 14:31 AMT
Կոսովոյի անկախությունը նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար
Եթե սերբական Կոսովո երկրամասը անկախություն հռչակի, Ռուսաստանը մտադիր չէ օգտագործել դա իր շահերի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի ղեկավարությունն երբեք չի հայտարարել թե անհապաղ կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախությունը օբյեկտիվորեն նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար: «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է թույլ տալիս որեւէ մեկին, շատերը կհավակնեն իրենց հանդեպ նույն վերաբերմունքի դրսեւորման: Ռուսաստանում հիանալի հասկանում են ցանկացած անջատողական գործընթացների ապակայունացնող ազդեցությունը: Մեր շահերից է բխում կայունություն պահպանելը. թույլ չտալ անջատողականություն, միջազգային իրավունքի խախտում,-ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ռուսաստանը արգելափակում է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձեւի ընդունումը, ըստ որի երկրամասը անկախություն է հռչակում միջազգային վերահսկողության ներքո, եւ պահանջում է որոշում կայացնել միայն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածության հիման վրա: Վաշինգտոնում, մինչդեռ, չեն թաքցնում, որ ԱՄՆ-ն կճանաչի Կոսովոյի անկախությունը հենց որ այն հռչակվի: Նմանատիպ դիրքորոշում են զբաղեցնում նաեւ ԵՄ երկրները: