9 օգոստոսի 2017 - 16:19 AMT
Նալբանդյան. Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն դեռ չկա

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայտնի է, սակայն, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կկայանա երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը:

«Երբ նոր տեղեկություններ լինեն, այն ժամանակ կասենք: Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- ասել է նախարար Նալբանդյանը:

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել էր արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:Հանդիպմանը շարունակվել էին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել էին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։