11 օգոստոսի 2017 - 16:52 AMT
ԶԼՄ. HBO-ն հաքերներին $250.000 էր առաջարկել գողացված սցենարների համար

Ամերիկյան HBO հեռուստաալիքը հաքերների հետ բանակցություններ է վարել՝ գողացված սցենարների համար $250.000 առաջարկելով: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ին հղումով:

Խմբագրությանը հաջողվել է գտնել HBO-ի ներկայացուցիչների նամակագրության սքրինշոթը, որտեղ ասվում է, որ հեռուստաալիքը պատրաստ է վճարել այդ գումարը որպես «բարի կամքի դրսևորում»: The Hollywood Reporter-ին հաջողվել է ապացուցել նամակի իրականությունը, բայց պաշտոնապես ալիքն այս տեղեկությունը չի մեկնաբանում: Հաքերները խմբագրությանը հայտնել են, որ շաբաթներ շարունակ բանակցել են HBO-ի հետ, բայց հեռուստաալիքի ներկայացուցիչներն «իրենց խոստումը չեն պահել», մեջբերում է Meduza-ն:

Հաքերների անհայտ խումբը հուլիսի 31-ին ու օգոստոսի 8-ին հրապարակել էր HBO-ից գողացված արխիվներից մանրամասներ: Համացանցում հասանելի էին դարձել նաև «Գահերի խաղը» սերիալի սցենարները, այդ թվում՝ այն ժամանակ դեռ չհեռարձակված սերիաներից մեկի: Երբ այն էկրան բարձրացավ, սակայն, պարզվեց, որ սերիայի վերջին հատվածը սյուժեով բավականին տարբեր էր հրապարակված սցենարի բովանդակությունից:

«Օգոստոսի 3-ին հաքերները The Hollywood Reporter-ին նամակ էին հղել, որտեղ բացատրել էին հարձակման մոտիվը: «Այդ ամենը գումարի համար է արվել: Շաբաթներով բանակցում էինք HBO-ի հետ, բայց նրանք հավատարիմ չմնացին իրենց խոսքին ու որոշեցին խաղալ մեզ հետ»,- ասվում է նամակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները մտադիր էին գողացված սցենարների համար մոտ $6 մլն ստանալ բիթքոիններով: Թե ինչ պատճառով HBO-ի հետ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել՝ պարզ չէ: