18 օգոստոսի 2017 - 14:25 AMT
ՀՀԿ խոսնակ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասելիքներ չկան

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ սպասելիքներ չունի սեպտեմներին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Այս մասին նա հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո:

«Շրջադարձային ակնկալիքներ չունեմ նախարարների հանդիպումից, որովհետև տեսանելի չեն կառուցողական միտումներ Ադրբեջանի կողմից: Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի լինի, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդելու է հայկական դիրքորոշումը: Հայկական կողմի դիրքորոշումն էլ շատ հստակ է՝ պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասել է Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց:

Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր՝Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար:

Կարդացեք նաև՝ Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է