26 հունվարի 2008 - 13:37 AMT
Թերի Դեւիս. Կոսովոյի անկախությունը կարող է նախադեպ դառնալ նաեւ այլ հակամարտությունների համար
Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում այլ անջատողական տարածքներում նկրտումներ կսկսվեն, այդ թվում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Այդ մասին Ստրասբուգում վրացական հեռուստաընկերությանը հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Ես չեմ բացառում չճանաչված հանրապետություններ Աբխազիային եւ Հարավային Օսիային Եվրախորհուրդ հրավիրելու հնարավորությունը, որպեսզի լսենք նրանց դիրքորոշումները հակամարտությունների կարգավորման նկատմամբ, քանի որ հակամարտությունների կարգավորման համար պետք է ցանկացած երկխոսություն օգտագործել»,- ընդգծել է Դեւիսը:

Իր հերթին, Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին մտադիր է առաջիկա ժամանակներում դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` առաջարկելով ուղիղ բանակցություններ սկսել: Նա նաեւ հայտնել է, որ դիմելու է Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի ղեկավարությանը հանդիպումներ կազմակերպելու, բանակցություններ սկսելու եւ կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու խնդրանքով, գրում է Deutsche Welle-ն: