19 օգոստոսի 2017 - 16:35 AMT
Երկիր մոլորակին ամենախոշոր աստերոիդն է մոտենում

ՆԱՍԱ-ն հրապարակել է տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է 4,4 կմ չափսերով Florence աստերոիդը մոտենում Երկիր մոլորակին: Այն, հավանաբար, սեպտեմբերի 1-ին կանցնի մեր մոլորակին հնարավորինս մոտ՝ 7 մլն կմ հեռավորության վրա, ինչը Լուսնից մոտ 18 անգամ ավելի հեռու է:

Ըստ Ռուսաստանի ԳԱ Աստղագիտության ինստիտուտի աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի բաժնի վարիչ Դմիտրի Վիբեի, տեսնել Florence աստերոիդը կկարողանան միայն մասնագետները, գրում է ՌԻԱ Նովոստին: Դիտարկել տիեզերական օբյեկտը հնարավոր կլինի միայն աստղադիտակի միջոցով:

Մասնագետների խոսքով, երկնային մարմնի թռիչքը մեր մոլորակի կողքով վտանգավոր չէ, չհաշված հիպոթետիկ հավանականությունը, որը այն կարող է բախվել արբանյակի հետ: Բայց ընդհանուր առմամբ աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով, նշել է Վիբեն:

Florence-ն ամենամեծ աստերոիդն է, որը երբևէ մոտեցել է մեր մոլորակին: Հաջորդ անգամ այն Երկրին կմոտենա ոչ շուտ, քան 500 տարի անց: