22 օգոստոսի 2017 - 15:42 AMT
ՀԲՃ․ Արբանյակի տվյալով, Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը մոտ 1550 հա է

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է եղել և հրդեհված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1554 հա:

Այս մասին է հայտնում «Հայկական բնապահպանական ճակատը»՝ հղում անելով Այսեր Ղազարյանի կողմից Sentinel-2 արբանյակային պատկերի վերծանման արդյունքների:

Արգելոցի սահմաններում այն կազմել է 1403 հա, որից 365 հա լայնատերև անտառ (մոտ 60 հա-ի սաղարթները վնասված չեն, հրդեհը գետնատարած է անցել)։

Հրդեհը նաև վնասել է մոտ 830 հա գիհու արիդային նոսրուտներ և մոտ 208 հա ոչ անտառածածկ, խոտածածկով հողահանդակներ:

Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։