Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 23-ի երեկոյան Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Նախագահի նստավայրում օգոստոսի 24-ի առավոտյան տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն, ևԲերդիմուհամեդովի այցը տեղի է ունենում երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին:
Ամփոփելով Թուրքմենստանի հետ հարաբերությունների զարգացման արդյունքներն ու նախանշելով ապագա աշխատանքը, նախագահ Սարգսյանը նշել է.
«Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին»:
Իր հերթին Թուրքմենստանի նախագահը նշել է, որ ՀՀ հետ գործակցության 25 տարվա ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի միջև և քաղաքական, և առևտրատնտեսական, և մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում: Ըստ նրա՝ իր գլխավորած պատվիրակության այցը կխթանի փոխգործակցությունն ու կբացահայտի փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը:
«Կցանկանայի ընդգծել նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակե»,- նշել է Բերդիմուհամեդովը:
Թուրքմենստանի ղեկավարի խոսքով, առևտրատնտեսական ոլորտում այսօր իր երկիրը, ինչպես նաև ՀՀ-ն, մեծ ներուժ ունեն, որը կարող է օգտագործվել տարբեր ուղղություններով:
«Դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական գործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:
Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար»,- եզրափակել է Բերդիմուհամեդովը:
Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: