28 օգոստոսի 2017 - 15:21 AMT
Նախագահն ընդունել է ըմբշամարտի ԱԱ չեմպիոններին. Պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ում մարզաձևի զարգացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիադայի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, ինչպես նաև հայերին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար:

Նախագահը կարևորել է նաև, որ հաղթանակած մարզիկներն օրինակ են դառնում երեխաների և այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում էլ ավելի աշխատասեր ու նպատակասլաց:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար: