«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում օգոստոսի 28-ի երեկոյան հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով այրվել է 150 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածք:
Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն էական վնաս չի կրել, հաղորդում է ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի հաղորդմամբ, օգոստոսի 28-ի ժամը 11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվել է մոտ 100 մ2 խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 30 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին:
Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրում ծխի օջախներ չկան:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: