1 սեպտեմբերի 2017 - 10:02 AMT
Սկանդալ մոսկովյան «Արարատում». Վալերի Օգանեսյանը թիմի հաշվից 20 մլն ռուբլի է հանել

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Վալերի Օգանեսյանը հեռացել է թիմից, ինչից հետո պարզվել է, որ ակումբի հաշվեհամարից 20 մլն ռուբլի է անհետացել (մոտ $350.000):

«Արարատի» տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը հայտարարել է, որ Վալերի Օգանեսյանի հեռանալուց հետո ֆինանսական ստուգում է անցկացվել, որով պարզվել է թիմի հաշվեհամարից գումարի անհետանալու մասին, գրում է Championat.com-ը:

«Վալերի Օգանեսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով: Մեզ հայտնի դարձավ, որ նա մեկնել է Վրաստան: Դրանից հետո ֆինանսական ստուգում է նշանակվել, որn օգոստոսի 31-ին պարզել է թիմի հաշվից 20 մլն ռուբլու անհետացման մասին՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Ֆինանսիստների անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ գումարը փոխանցվել է Վալերի Օգանեսյանի հաշվեհամարին: Համապատասխան արձագանքի համար թիմը դիմել է իրավապահ մարմիններին: Նրանք նախաքննություն են սկսել»,- հայտարարել է Քերոբյանը:

Ֆուտբոլային բաժնետեր Վալերի Օգանեսյանը 2015թ․ ձեռք էր բերել Հայաստանի «Ուլիս» թիմը, դրա վրա ծախսել մոտ 1 միլիոն դոլար, սակայն 2016-ին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Օգանեսյանը մի քանի ամիս էլ եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի նախագահը, սակայն 2015թ․ նոյեմբերին նրան հեռացրել են այդ պաշտոնից։