1 սեպտեմբերի 2017 - 10:18 AMT
Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների քանակն աճել է 37%-ով

2017-ի ամռանը Հայաստանը պահանջված ուղղություն էր ռուսաստանցիների հանգստի համար՝ աճը կազմել է 37 տոկոս: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին 7-յակում, որտեղ 2017-ի ամռանը հանգստացել են ՌԴ քաղաքացիները:

Հայաստանից բացի ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2017-ի ամռանը պահանջված էին նաև Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան և Բուլղարիան: Ընդհանուր առմամբ 2017-ի ամռանը միջազգային ավիափոխադրումների ամրագրումներն աճել են 63 տոկոսով: Այդ մասին հայտնում է Aviasales.ru-ն:

Ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայի ուղղությամբ: Ուղևորահոսքը դեպի Վրաստան կրկնապատկվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: