1 սեպտեմբերի 2017 - 16:16 AMT
Instagram-ը թույլ կտա «Պատմությունները» դիտել բրաուզերում

Instagram-ի թիմը հայտնել է բրաուզերի միջոցով instagram.com կայքում «Պատմություններ»՝ Stories, դիտելու հնարավորության մեկնարկի մասին: Դա մատչելի է ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակով:

Գործառույթն աստիճանաբար կսկսի գործել, բոլոր օգտատերերի համար այն հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև «Պատմությունների» հրապարակման հնարավորություն բջջային կայքի միջոցով, գրում է Ferra.ru-ն:

«Պատմությունները» դիտելու համար հարկ կլինի բացել instagram.com-ը և ստուգել դրանց առկայությունը ժապավենի վերին մասում, ինչպես բջջային հավելվածում, իսկ հետո կարելի է օգտվել սլաքների կոճակներից՝ տեսանյութերի միջև անցւոմների համար: Ցավոք՝ օգտատերերը չեն կարողանա լուսանկարներ կամ պատմություններ ներբեռնել համակարգչից:

Բացի այդ, Instagram-ում նոր դիմակներ են ներմուծվել, եղանակի հետ կապված: Կա արևային ֆիլտր, անձրևային և այլ: Նոր դիմակները հասանելի են օգտատերերին, որոնք թարմացրել են բջջային հավելվածները iOS-ի և Android-ի համար: