2 սեպտեմբերի 2017 - 11:23 AMT
Ազնավուր. Չեմ ուզում բեմում մահանալ

Լեգենդար շանսոնյե 93-ամյա Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) Gala-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ցանկանում մահանալ բեմում: «Ես շատ երգեր եմ գրել մահվան մասին, սակայն, չեմ ցանկանում Մոլիերի պես բեմում մահանալ, և գլխավորը՝ ես ուզում որքան հնարավոր է ուշ մեռնել»,-ասել է երգիչը:

Պատասխանելով թոշակի անցնելու մասին հարցին՝ Ազնավուրն ասել է. «Ինչի՞ համար»:

«Ամեն օր գոլֆ, թենիս խաղա՞լ կամ ձուկ բռնե՞լ: Դա ինձ համար չէ: Բախտս բերել է, որ ձայնս դեռ պահպանվում է, ես կշարունակեմ երգել, քանի դեռ դա հնարավոր է: Ինձ համար թոշակի անցնելը՝ մահվան նախաշեմն է»,-ասել է Ազնավուրը:

Հոլիվուդի փառքի ճեմուղում օգոստոսի 24-ին բացվել է Շառլ Ազնավուրի անվանական աստղը։Աշխարհահռչակ շանսոնյեն անձամբ մասնակցել է արարողությանը։ Ազնավուրի աստղը ճեմուղում 2618-րդն է։ Շանսոնյեին նոմինացրել էր Կալիֆորնիայի սենատոր Թեմ Կեվին դե Լեոնը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։