1 սեպտեմբերի 2017 - 17:08 AMT
«Բանակից ՏՏ» ծրագրին 150 զորացրված զինծառայող է մասնակցել

Զորացրված բոլոր զինծառայողները կարող են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար կրթություն ստանալ «Բանակից ՏՏ» ծրագրի շրջանակում:

Մինչև օրս ՏՏ ծրագրին մասնակցել է 150 զորացրված զինծառայող: Փորձաշրջանը հաղթահարելու դեպքում մասնակիցները ստանում են հնարավորություն՝ աշխատանքի անցնելու առաջատար ընկերություններում:

Ծրագիրն 2016 հուլիսից սկսել էր իրականացնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ սկզբում միայն Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինծառայողների համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դասընթացներն անցկացնում է երեկոյան, որպեսզի զորացրված զինծառայողները դասընթացին զուգահեռ կարողանան աշխատել: Երևանից բացի, դասընթացներն անցկացվում են նաև մարզերում՝ միության ստեղծած լաբորատորիաներում, գրում է Razm.info-ն:

«Հայաստանի տարբեր համայնքներում ունենք 210 ինժեներական լաբորատորիա, որտեղ կարելի է սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում: Կարելի է սովորել աշխատել ռոբոտների հետ:

Կարելի է սովորել աշխատել եռաչափ տպիչի, շաղափային հաստոցի համակարգչային կառավարում, ինչպես նաև էլեկտրոնիկայի հետ աշխատել», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: