2 սեպտեմբերի 2017 - 11:09 AMT
Հաքերները, կոտրելով Instagram-ը, վաճառում են հայտնիների հեռախոսահամարները

Instagram սոցցանցը հայտնել է խոցելիության մասին, որը թույլ է տվել հաքերներին իմանալ սոցցանցի օգտատերերի հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեները:

Թերությունը վերացված է, սակայն հաքերները վեբ կայք են բացել, որտեղ հրապարակել են Instagram-ի օգտատերերից ոմանց անձնական տվյալները: Խոսքը ոչ միայն շարքային օգտատերերի մասին է, այլ նաև հայտնի անձանց՝ քաղաքական գործիչների, սպորտի և մեդիա աստղերի, գրում է The Daily Beast-ը:

Instagram-ում նշել են, որ օգտատերերի գաղտնաբառերն ու այլ տեղեկատվությունն անխոցելի է մնացել: Համացանցում չեն հրապարակվել տուժածների անունները՝ նշվում է միայն, որ հաքերները փորձել են կոտրել մեծաքանակ բաժանորդներ ունեցող աքաունթները:

Ավելի վաղ Instagram և Facebook սոցցանցերի աշխատանքում գլոբալ խափանում էր տեղի ունեցել: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողացել օգտվել ծառայություններից: