2 սեպտեմբերի 2017 - 12:04 AMT
Eurosport-ը Մխիթարյանին ԱՊԼ ռոք աստղ է անվանել և պատմել ՄՅՈւ-ում նրա անցած ուղու մասին

Eurosport կայքը Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ԱՊԼ ռոք աստղ է անվանել և պատմել է ՄՅՈւ-ում նրա անցած ուղու մասին:

Կայքը պատմում է այն փորձությունների մասին, որոնց միջով անցել է Մխիթարյանն ակումբում առաջին ամիսներին: «Այն ժամանակ ես շատ էի շփվում Մինո Ռայոլայի հետ: Նա ասում էր. «Միքի, դա փորձառություն է, որով պետք է անցնես»: Ես պատասխանում էի, որ հասկանում եմ դա և երբեք չեմ հանձնվի: Ես երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելու համար և մի օր նորից կսկսեմ խաղալ»,-պատմել է Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին ամիսների մասին:

Հոդվածում նշվում է, որ առաջին ամիսներին, քանի դեռ Մխիթարյանի թիմակիցները ուրախ հանգստյան օրեր էին վայելում, Հենրիխն արտահերթ մարզվում էր ակուբի բազայում: Manchester Evening News-ի աղբյուրներն ակումբում հաստատել են, որ Մխիթարյանը չի սիրում աղմուկ բարձրացնել, նա իսկական մարտիկ է, որն ուժեղ բնավորություն ունի և ցույց չի տալիս իր զգացմունքները:

Հոդվածում նշվում է, որ Հենրիխի այդ համառությունն արդարացվեց՝ միայն 2016-ի դեկտեմբերին Մխիթարյանն ավելի շատ ժամանակ անցկացրեց խաղադաշտում, քան ԱՊԼ-ում բոլոր նախորդ ամիսներին (289 րոպե 134-ի դիմաց):

Անդրադառնալով Մխիթարյանի հետագա հաջողություններին թիմում իր առաջին խաղաշրջանում՝ կայքը գրում է, որ Հենրիխի և մարզիչ Ժոզե Մոուրինյոի հարաբերությունները նոր որակ ստացան 2017-ի փետրվարին:

Ընդհանուր առմամբ Մխիթարյանը ԱՊԼ-ում իր դեբյուտային տարում 26 գոլային պահ է ստեղծել՝ խաղարկային ժամանակով դա անում է 1349 րոպե: Մխիթարյանն առանցքային գոլային փոխանցում է կատարել յուրաքանչյուր 52 րոպեն մեկ: Նոր խաղաշրջանում հայ ֆուտբոլիստը փայլուն է խաղում, ոչ ոք չի կիարողանում մոտենալ նրան, գրում է Eurosport-ը:

Ընթերցեք նաև.Մոուրինյո․ Մխիթարյանի հետ իրար այժմ ավելի լավ ենք հասկանում