2 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT
Միջազգային փորձագետները «Նաիրիտի» վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմեն

Միջազգային փորձագիտական խումբ կգա Հայաստան, որը «Նաիրիտ» գործարանի տարածքում վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմի: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

«Նաիրիտում» տարբեր վտանգավորության աստիճանի քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք պետք է ոչնչացվեն Հայաստանում կամ ապահով ձևով կոնսերվացվեն: Բոլոր տարբերակներն էլ ռիսկեր ունեն, նաև ֆինանսական միջոցներ են պետք»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա այն մասին, որ միջազգային փորձագիտական խումբը կգա Հայաստան և առաջիկա երկու ամսում միջազգային մասնագետները կներկայացնեն իրենց ուսումնասիրության արդյունքները։

«25 տարի է՝ «Նաիրիտի» խնդիրը կա: Նախկինում գործարանը վերագործարկելու տարբեր ծրագրեր են եղել, իսկ այժմ այդ հեռանկարը մշուշոտ է»,- նշել է Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով` գործարանի տարածքում դեռ հերթապահում են փրկարարները, անընդհատ հովացման աշխատանքներ կատարում, որ բռնկման վտանգ չլինի։

«Իրականում հրշեջների մասնագիտական աշխատանքի շնորհիվ շատ խոշոր աղետից խուսափեցինք: Լաքէթինոլով լի տարաների կողքին կային վտանգավոր նյութերով այլ տարաներ, և ջերմաստիճանի բարձրացման դեպքում աղետալի իրավիճակ կլիներ»,- ասել է նա:

«Նաիրիտ» գործարանում հրդեհը բռնկել էր օգոստոսի 28-ին, մարվել երկու օր անց` օգոստոսի 30-ին։Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող:

Ընթերցեք նաև. «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացվում է)