31 հունվարի 2008 - 17:06 AMT
Իտալացի խորհրդարանականը խնդրեց Հայաստանին աջակցել «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի պատգամվոր Մարգերիտա Բոնիվերին: Նշելով, որ հինգերորդ անգամ է այցելում Հայաստան (նախկինում նա փոխարտգործնախարարի կարգավիճակով էր գտնվել Հայատսանում) տիկին Բոնիվերը խնդրեց Հայաստանի աջակցությունը Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում: Իր հերթին, Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտում է 1928թ.-ի Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիային միանալու համար պահանջվող ներպետական ընթացակարգերը եւ կոնվենցիայի վավերացումից հետո կկարողանա մասնակցել «Էքսպո 2015-ի» ընտրություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Իտալիայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարման հեռանկարների, նախագահական ընտրությունների նախօրեին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին: