6 սեպտեմբերի 2017 - 14:36 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳՎ շրջանակում

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, այն համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո:

Ըստ նրա, ակնկալվում են ղարաբաղյան կարգավորման ծրագրերի քննարկումներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում հանդիպումն արդեն համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հստակ օրը որոշված չէ: Կարծում եմ, ղարաբաղյան կարգավորման պլանները բոլորին են հայտնի»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Մամեդյարովի հետ իր հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին, որտեղ կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: