6 սեպտեմբերի 2017 - 16:13 AMT
Մոսկովյան «Արարատը» կարող է նոր սեփականատեր ունենալ

Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Վալերի Օգանեսյանը սեպտեմբերի 7-ին կբանակցի ակումբի նոր պոտենցիալ սեփականատերերի հետ: Այդ մասին հայտնել է ինքը Օգանեսյանը:

Ավելի վաղ Օգանեսյանը հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ակումբի հաշվից 20 մլն ռուբլի է հանել:

«Ես եմ ակումբի միանձնյա հիմնադիրը: Վերջերս որոշ մարդիկ փորձում էին ինձ «քաղաքավարի ձևով» բացատրել, որ ես պետք է հրաժարական տամ: Հենց որ ես մեկնեցի երկրից, ինձ սկսեցին մեղադրել գումարը գողանալու մեջ, բայց ինչպե՞ս կարող էի ինքս ինձանից գողանալ: Սա իմ ակումբն է, ոչ թե նրանց: Սեպտեմբերի 7-ին կբանակցենք ակումբի հետագա ճակատագրի վերաբերյալ», -ասել է Օգանեսյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես 2 ելք եմ տեսնում՝ առաջինը մեծ ներուժ և բազմաթիվ երկրպագուներ ունեցող նախագծի զարգացումն է: Ինձ համար կարևոր է, որ ակումբը զարգանա, որ երկրպագուները չտուժեն: Մարդիկ պետք է պայմանավորվեն ինձ հետ, բայց ոչ տարօրինակ միջոցներով,ո րոնք մնացել են 90-ականներում, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,-ասել է նա:

Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարեց, որ Մոսկվայի «Արարատն»առաջիկայում դուրս կգա ՌԴ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի խաղարկությունից և կդադարեցնի գոյությունը: «Մեզ հայտարարեցին, որ «Արարատը» փակվում է: Հավանաբար, «Ռյազանի» հետ առաջիկա խաղը վերջինը կլինի»,-ասել է մարզիչը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում: