31 հունվարի 2008 - 18:39 AMT
Հասարակական հարցումների տվյալներով, Հայաստանի մարզերի բնակիչների 75 տոկոսը մտադիր է մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին
Հայաստանի մարզերի բնակիչների 75 տոկոսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա տվյալներով, Հայաստանի մարզերում հարցվողների 67 տոկոսը կողմ են քվեարկելու գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններին:

Ընդ որում, «Օրինաց Երկիր» կուսացկության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի օգտին քվեարկելու է հարցվողների 9 տոկոսը, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին` 6 տոկոսը, ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցության օգտին` 3 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանի օգտին` 2 տոկոսը, «Ազգային-դեմոկրատական միություն» կուսացկության ղեկավար Վազգեն Մանուկյանի օգտին` 1,5 տոկոսը, մնացած թեկնածուների օգտին` հարցվածների 0,7 տոկոսն է քվեարկելու:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի մարզերում ընտրողների 40 տոկոսը ոչ մի դեպքում մտադիր չեն իրենց ձայները տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:

Հունվարի 26-27 անցկացված հարցումներին մասնակցել է 2240 մարդ 60 բնակավայրերից Հայաստանի բոլոր մարզերից: Շուտով Կենտրոնը մտադիր է ներկայացնել Երեւանի բնակիչների շարքում անցկացված հարցումների տվյալները, ինչից հետո համահանրապետական հարցման արդյունքները:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ հասարակությունը պետք է ջանքեր գործադրի նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելու համար:Նրա խոսքերով, իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակը առաջին փուլում շատ կասկածելի կլինի եւ չի համապատասխանի ընտրազանգվածի իրական տրամադրություններին:

Լարիսա Ալավերդյանը հայտարարել է «նախընտրական քարոզարշավի ցածր եւ գավառական մակարդակի մասին»: Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական կուլտուրայի մակարդակը կտրուկ ընկել է, ասել է նա: Պատգամավորը նշել է, որ կոռեկտ քարոզարշավ են վարում նախագահի միայն երկու թեկնածուներ` Վազգեն Մանուկյանն ու Արման Մելիքյանը, իսկ Վահան Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը` «մասամբ կոռեկտ», հաղորդում են Հայաստանի ԶԼՄ-ները: Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը, որը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչեւ հիմա չի կողմնորոշվել այս կամ այն թեկնածուի աջակցության առնչությամբ: