7 սեպտեմբերի 2017 - 12:03 AMT
Հայաստանն արդեն հասանելի է Google Trips-ում և Flights-ում

Google Trips, Google Flights և Destinations հավելվածները թարմացվել են և արդեն հասանելի են ևս 26 նոր երկրում, այդ թվում նաև Հայաստանում, հայտնում է Google-ը:

Այժմ ճանապարհորդները, որոնք հետաքրքրված են Հայաստանով և մտադիր են այցելել, կարող են որոնել Հայաստանը Destinations հավելվածում և Google-ը կառաջարկի Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, որոնցից կարելի է ընտրություն կատարել: Հնարավոր կլինի սեղմել յուրաքնաչյուր քաղաքի վրա և հավելվածը կներկայացնի տեսարժան վայրերը, հայտնի երթուղիները, եղանակը, ուղևորության համար հարմար տարվա եղանակները և բազում այլ տեղեկություններ:

Ըստ Google-ի, հավելվածի տեղեկատվությունն այժմ հասանելի է 14 նոր եվրոպական և ասիական լեզուներով: Երբ արդեն պատրաստ եք ամրագրել ուղևորությունը, Google Flights-ը կգտնի լավագույն չվերթներն ու կամրագրի այն ավիաընկերության ավիատոմսերը, որը դուք կընտրեք:

Այժմ օգտատերերը կարող են չվերթների մասին տեղեկություններ որոնել Google Flights-ում Եվրոպայի 26 հավելյալ երկրում՝ Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիա և Հերցոգովինայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Չեխիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Վրաստանում, Գրենլանդիայում, Հունգարիայում, Իսլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Չերնոգորիայում, Ռումինիայում, Սերբիայում, Սլովենիայում, Սլովակիայում և Ուկրաինայում:

Բջջային հավելավծը հասանելի է Android-ով և iOS-ով: