7 սեպտեմբերի 2017 - 11:41 AMT
Երևանում Բերքի տոն կանցկացվի (վիդեո)

Սեպտեմբերի 16-ին Երևանում կկայանա արդեն ավանդական դարձած Բերքի տոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են մասնակցել միջոցառմանը Երևանի Անգլիական այգում, ժամը 11:00-18:00-ը:

Համեղ և գունեղ փառատոնն անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

Կազմակերպիչները խոստանում են կենդանի երաժշտությամբ ուղեկցվող ավանդական երգ ու պար, Հայաստանի, Վրաստանի և Իրանի ֆերմերների ցուցադրած և վաճառքի ներկայացրած արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերի ու բանջարեղենի և այլ բարիքների վաճառք ու համտես:

Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենան մրցույթներ 3 անվանակարգում: Կանցկացվեն նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար:

Փառատոնի աջակիցներն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:Մշտական հովանավորներն են՝ Կանաչ արահետ ՀԿ-ն, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՕԳԱՆ ծրագիրը, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագիրը, FPWC-ն, և վրացական CENN կազմակերպությունը: